Link Copied
Artbox շրջանավարտներ. հայ կին ձեռներեցները արվեստի և նորաձևության ոլորտներում
Հրապարակված է ապրիլ 2, 2024
Artbox ծրագրերը խթան են հանդիսացել բազում հայ կին հիմնադիրների ձեռներեցական գործունեության ճանապարհին։ Տոնելով կանանց պատմության միամսյակը և բազմաթիվ ձեռքբերումները՝ հրավիրում ենք Ձեզ նոր բացահայտումներ անել Artbox-ի շրջանավարտ ստեղծագործ կին ձեռներեցների մասին։
Այս հոդվածում կգտնեք նորաձևության բիզնեսների ետևում կանգնած Artbox ծրագրերի շրջանավարտ հիմնադիրների պատմությունները և նրանց խորհուրդները նոր սերնդի ստեղծարար կին ձեռներեցներին:
Արևիկ Առաքելյան՝ «Արտույտ»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն
«Արտույտ»-ը արտադրում է նրբագեղ շարֆեր, որոնք բացահայտում են հայկական մշակույթը՝ հասցնելով այն համաշխարհային մակարդակի։ «Արտույտ»-ի մետաքսե շարֆերի հավաքածուներից երկուսը, որոնք ստեղծվել են հայ գրաֆիկական դիզայներ Գայանե Երկանյանի և հայ կոլաժիստ Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի հետ համատեղ, շնորհանդեսով ներկայացվել են 2022/2023թ.-ի գարնան Միլանի նորաձևության շաբաթում: Ապրանքանիշը նաև անդրադարձ է ստացել Harper's Bazaar Spain-ից և Elle Italy-ից:
«Արտույտ»-ը հիմնադրվել է Արևիկ Առաքելյանի կողմից, որն առաջնորդվել է արվեստի և նորաձևության տարերքով՝ նկատելով հայկական արվեստի թերի ներկայացումը միջազգային ասպարեզում։
Արևիկը դրական փոփոխություն է պատկերացնում նորաձևության ոլորտում, որտեղ նորաձևության խոշոր տները համագործակցում են ավելի փոքր զարգացող ապրանքանիշերի հետ: «Հաստատված տների նշանակությունը գիտակցելով հանդերձ՝ ավելի փոքր կազմակերպություններին հարթակ տրամադրելը և բեմը կիսելը կարող է խթանել բազմազանությունն ու թարմ հայացքները: Այս մոտեցումը ստեղծում է ավելի ընդգրկուն և կենսունակ նորաձևության ասպարեզ, որը նաև շահավետ է նոր կին ձեռներեցների համար»,- ասաց Արևիկ Առաքելյանը։
«DASEIN»-ի համահիմնադիրներ Ինա Աբրահամյան, Աննա Վահրամի և Վանանե Բորյան
«DASEIN»-ը անկախ և յուրօրինակ ամսագիր է՝ նվիրված արդի հայկական իրականությանը, մշակույթին և գեղագիտությանը։ Այն առաջարկում է ժամանակակից գովազդային լուծումներ՝ հիմնված բիզնեսների և տարբեր ոլորտների տեղացի ստեղծագործողների համագործակցության վրա:
«DASEIN»-ի համահիմնադիրները երեք ընկերներ են՝ Ինա Աբրահամյանը, Աննա Վահրամին և Վանանե Բորյանը։ Նրանք արվեստի, դիզայնի և ռեժիսուրայի կատարյալ խառնուրդ են։ Հասկանալով, որ Հայաստանը շատ տաղանդավոր, գեղեցիկ և ոճային անհատների տունն է, որոնք իրենց ներկայացուցչության համար որակյալ հարթակ չունեն, նրանք որոշեցին ստեղծել անկախ ամսագիր, որը կներկայացնի այս անհատականություններին։ Artbox-ի աջակցությամբ հիմնադիրները տպագրեցին ամսգրի առաջին համարը՝ ստանալով բարձրորակ արտադրանք։
Վանանե Բորյանի խորհուրդը այն կանանց, ովքեր ցանկանում են սկսել իրենց ստեղծագործական բիզնեսը. «Հավատացեք ինքներդ ձեզ և կոտրելով անցեք ձեզ հանդիպող ցանկացած հայրիշխանության ապակե առաստաղի միջով»:
Ականջօղ Հովաշի հավաքածուից
«Հովաշ» ապրանքանիշը արտադրում է նուրբ և ձեռագործ զարդեր, որոնք ընդգծում են բնության գեղեցկությունն ու անհատական արտահայտչականությունը:
«Հովաշ»-ի համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը վաղ տարիքից սիրահարվել է ձեռագործ զարդարտադրության արվեստին։ Նա հաճախ այցելում էր հոր արվեստանոցը, որտեղ և գիտակցում է, թե որքան սեր և դրական էներգիա են պարունակում ձեռագործ զարդերը։ Այս գիտակցությամբ հիմնադրվեց «Հովաշ»-ը՝ զարդերի միջոցով անհատներին հզորացնելու համար՝ որպես նրանց յուրահատուկ պատմությունների շոշափելի արտահայտություն:
Սոնա Հովհաննիսյանն իրեն ոգեշնչող կանանց մասին. «Իմ ընտանիքի կանայք եղել են իմ ոգեշնչման ամենամեծ աղբյուրը։ Մասնավորապես, իմ մեծ տատիկի տոկունությունը դժվար ժամանակներում, ինչպիսին Ցեղասպանությունն էր, մեծ ազդեցություն է թողել ինձ վրա: Չնայած դժվարություններին, նա և իր դուստրերը ավելի լավ ապագա ստեղծելու ուշագրավ վճռականություն են ցուցադրել: Նրանց քաջությունն ու հոգատարությունը մշտական հիշեցում են դրական փոփոխությունների առաջ մղելու հարցում դիմացկունության և կարեկցանքի ուժի մասին»:
NENSI AVETISIAN գարուն-ամառ 2024 թ. հավաքածու
«NENSI AVETISIAN»-ը հագուստի և աքսեսուարների ապրանքանիշ է, որն իր մեջ միավորում է հայկական արհեստավարժությունը, փառահեղ և ոգեշունչ ճարտարապետությունը և բնական հումքի օգտագործումը:
Ապրանքանիշը հիմնադրվել է 2020 թվականին Նենսի Ավետիսյանի կողմից՝ Մոսկվայի Արվեստի և դիզայնի բրիտանական բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո։ Նենսին մեծացել է տատիկի հետ, որի հայկական մշակութային ժառանգության մասին պատմությունները հանդիսացել են որպես ապրանքանիշի ոգեշնչում։ Այսպիսով, «NENSI AVETISIAN»-ի բոլոր հավաքածուներում միշտ առկա են հղումներ հայ երաժշտությանը, նկարիչներին և ճարտարապետությանը:
Նենսին կողմ է նորաձևության ոլորտում ներառականության և բազմազանության խրախուսմանը: Նա կարծում է, որ հասանելի ռեսուրսներ և մենթորության ծրագրեր առաջարկելով՝ նրանք կարող ենք հզորացնել նորաստեղծ կին ձեռներեցներին՝ ի վերջո նպաստելով ավելի կենսունակ և բազմազան ոլորտի ձևավորմանը:
AVAGYAN աշուն-ձմեռ 2024 թ. հավաքածու
Սոնյա Ավագյանը 5 տարեկանից սկսել է քանդել և վերաստեղծել իր հագուստները և այդ ժամանակվանից ի վեր երբեք չի դադարել անել դա։ 17 տարեկան հասակում նա հիմնադրել է իր «AVAGYAN» ապրանքանիշը։
Իր ձեռներեցության ճանապարհին բազում կանայք ոգեշնչել են Սոնյային շարունակելու իր գործը։ Նրանցից վառ հիշում է Ռուզաննա Տոռոզյանին, որը հիմնել է Գորիսի կանանց զարգացման ռեսուրս-կենտրոնը և հզոր ազդեցություն է ունեցել Սյունիքի համայնքի վրա։
«AVAGYAN» ապրանքանիշի ձեռքբերումներից մեկը, որով Սոնյան հպարտանում է, Հայաստանում հավաքածուի ամբողջական ստեղծումը և կարի արտադրության ավանդական մեթոդները պահպանող մարզերի կանանց աջակցելն է։
«Բոլոր կանանց խորհուրդ եմ տալիս մշտապես լսել իրենց ներքին ձայնին, վստահել իրենց զգայարաններին և աշխատել, աշխատել, աշխատել», - ասում է Սոնյա Ավագյանը։
Artbox Hub աքսելերացիոն ծրագիրն ավարտած 9 խոշոր մշակութային հաստատությունների հատկացվել է €250,000 եվրոյի դրամաշնորհ
Artbox Hub ծրագիրն ամփոփվում է 15 հաստատությունների 8-շաբաթյա ծրագրի բարեհաջող ավարտով և 9 հաստատությունների մինչև €50,000 եվրոյի դրամաշնորհ տրամադրելով՝ ակտիվացնելու իրենց ստեղծագործական կենտրոնները
Artbox-ի շրջանավարտները ի օգնություն արցախահայության
Բարեգործական նախաձեռնություններ Artbox-ի շրջանավարտների կողմից՝ ի աջակցություն արցախցի բռնի տեղահանվածների
Artbox Accelerator-ը հատկացրել է 210,000 եվրոյի դրամաշնորհ 9 ստեղծարար բիզնեսների
12 ստեղծարար բիզնեսներ հաջողությամբ ավարտեցին Artbox Accelerator 8-շաբաթյա ծրագիրը և նրանցից 9 բիզնեսներից յուրաքանչյուրը ստացավ մինչև 30,000 եվրոյի դրամաշնորհ՝ խթանելու իրենց բիզնեսների աճը: